ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թրամփը Պուտինի՞ն է տալիս Սիրիայի հաղթանակը

Թրամփը Պուտինի՞ն է տալիս Սիրիայի հաղթանակը
01.07.2018 | 09:23

Սիրիայի աղետալից պատերազմը մոտենում է դիվանագիտական էնդշպիլին` հնարավոր է, որ ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Իսրայելը Բաշար Ասադի իշխանությունը պահպանելու գործարք կնքեն` Ռուսաստանի խոստումի դիմաց, որ կզսպի Իրանի ազդեցությունը` գրում է Դևիդ Իգնատիուսը The Washington Post-ում: Թրամփի սիրիական քաղաքականությունը թենիսի գնդակի նման ցատկում է այս ու այն կողմ: Նրա ամենակայուն հատկանիշը անվստահությունն է Ջորջ Բուշի ու Բարաք Օբամայի Մերձավոր Արևելքում ստանձնած ռազմական պարտավորությունների կատարմանը` նա քայլ առ քայլ քանդում է համաձայնությունը: Դիվանագիտական բանավեճերը Սիրիայի մասին սկսվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 16-ին Թրամփի հանդիպման առիթով: Արտասահմանցի դիվանագետներն ու ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները ճշգրիտ չգիտեն հանդիպման օրակարգը, բայց սիրիական փաթեթը հաստատ խաղի մեջ է:

Սիրիական հնարավոր գործարքի ինտրիգը Ռուսաստանի ու Իսրայելի առավել սերտ համագործակցությունն է: Իսրայելի օրակարգը, ինչպես և Թրամփի օրակարգը, կենտրոնացած է Իրանի արգելակման վրա, և իսրայելցիները, կարծես, որոշել են, որ Պուտինը տարածաշրջանում հուսալի գործընկեր է: Սիրիայում ռուսական ազդեցությանը զիջելու և ԱՄՆ-ի դժվար ձեռքբերումներից հրաժարվելու Թրամփի պատրաստակամությունը տագնապում է Պենտագոնի շատ պաշտոնյաների, բայց նրանք, կարծես, տանուլ են տալիս: Քանի դեռ Պուտինը շարժվում է դեպի հանդիպման արենա, արժի մի պահ դադար տալ ու գնահատել` ինչքան ճկուն նա խաղաց իր պարտիան: Ռուսաստանը դառնում է անփոխարինելի հավասարակշռող տարածաշրջանում, այսինքն` խաղում է դերը, որ մի անգամ հպարտությամբ ստանձնել է ԱՄՆ-ը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և Իրանի, և Իսրայելի հետ: Մոսկվան ամրապնդում է կապերը Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի հետ, բանակցում է սիրիացի քրդերի ու Թուրքիայում նրանց չարանենգ թշնամիների հետ: Պուտինը նախկին ՊԱԿ-ականի համբավ ունի, բայց նրա սիրիական ռազմավարությունը հիշեցնում է առավել նուրբ չինական պատվիրանը` թշնամուդ ենթարկիր քեզ` առանց նրա հետ կռվելու: Պուտինը որոշիչ դիրք ունի Սիրիայում նվազագույն գնով: Եվ հարգալից Թրամփը, կարծես, պատրաստ է հաստատել նրա հաղթանակը:
Դևիդ ԻԳՆԱՏԻՈՒՍ, The Washington Post


Հ.Գ. ԱՄՆ-ի ու Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում նրա մերձավոր դաշնակիցների աճող լարվածության մեջ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հուլիսի 16-ին, Հելսինկիում` գրում է Ռոբին Ռայթը The New Yorker-ում: Մինչև Պուտինը` Թրամփը կհանդիպի ՆԱՏՕ-ի 29 անդամների հետ` դաշինքում աճող լարումի պայմաններում: ԱՄՆ նախագահի հանդիպումը G 7-ի` աշխարհում ամենաազդեցիկ տնտեսական միության, ղեկավարների հետ Կանադայում արագ փչացավ` Թրամփը հեռացավ նախքան սամմիթի ավարտը, հետո Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոյին անվանեց «շատ անազնիվ ու թույլ»: Ապա նա հանդիպեց հյուսիսկորեացի դիկտատոր Կիմ Չեն Ինի հետ ու նրան անվանեց «ազնիվ, սրամիտ ու շատ խելացի, հաճելի մարդ»:

ԱՄՆ պաշտոնաթող բարձրաստիճան դիվանագետները, Եվրոպայի դեսպաններն ու ռուս փորձագետները սպասում են իրադարձությունների նման շղթայի ՆԱՏՕ-ի սամմիթում ու ՌԴ նախագահի հետ հանդիպմանը: Թրամփն ավելի բարեհամբույր կլինի ավտոկրատի` քան ժողովրդավար դաշնակիցների հետ: Ինչպես և հյուսիսկորեական դիվանագիտությունը, Պուտինի հետ բանակցելու որոշումը արտաքին քաղաքական հանրության աջակցությունը գտավ: Ծրագրված հանդիպման հոռետեսական գնահատականներն ավելի շատ հետևանք են այն փաստի, որ Թրամփը թուլացնում է ալյանսները, որի անդամ է ԱՄՆ-ը, և դա թուլացնում է Պուտինի ու մյուս հակառակորդների վրա ներգործելու նրա կարողությունը: ԱՄՆ-ի դուրս գալն ամենահզոր երկու կոալիցիաներից` ռազմական (ՆԱՏՕ) և տնտեսական (G7), որոնցից յուրաքանչյուրը կես դարից ավելի պատմություն ունի, կարող են մի քանի տասնամյակ թուլացնել ԱՄՆ-ը: «Թրամփի խելահեղ գաղափարն է, որ մենակ ավելի լավ գլուխ կհանի, որ Պուտինն իրեն ավելի շատ կհարգի, եթե ինքը կործանի այն ինստիտուտները, որ ԱՄՆ-ին ուժ են տալիս` թե ՆԱՏՕ-ն, թե G7-ը,- ասել է ԽՍՀՄ-ում ԱՄՆ նախկին դեսպան, այժմ Միջազգային հարաբերությունների խորհրդի գիտաշխատող Ստիվեն Սեստանովիչը:- Թրամփը գնում է ՆԱՏՕ ու եվրոպացիների վրա գրոհում, որ բավականաչափ փող չեն ծախսում: Ինչի՞ վրա: Ռուսներին դիմադրությա՞ն: Ինչ-որ մեկը նախագահին պետք է բացատրի ինչն ինչոց է»:


Թրամփին բոլորն են բացատրում` ինչն ինչոց է, բայց դա նրան չի հետաքրքրում, նա մտածում է ինչն ինչպես պետք է լինի` դուր է գալիս դա ոմանց, թե ոչ: Եվ ընդհանրապես` մեծ քաղաքականություն ԱՄՆ նախագահը բերեց պրագմատիզմի նոր որակ ու ստիպում է բոլորին վերանայել իրենց գնահատականները ներքին ու արտաքին քաղաքականությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ